Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն, Պատմություն, Ընթերցանություն, Իմ գրադարանը

ԼՄՊԱՏԱՎԱՆՔ

Լմպատավանքը  հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։
Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից  մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով ,արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի, պայտաձև խարանն ու կամարները։
Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։

Գյումրի քաղաք տեղեկություն

Ճանապարհ

Ճանապարհով Առանց ճանապարհ Ընդահանուր Ժամանակ
121.60 կիլո մետր 88 կմ 1,1 ժամ
75.39 մղոն 52.8 մղոն 66.0 րոպե

Եղանակը Գյումրիում Ապրիլի 8-10

Ապրիլի 8
Ապրիլի 9
Ապրիլի 10

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍԻՆ

Կարդալ ավելին:)

Շիրակի Մարզ

Մարզկենտրոնը`   Գյումրի

Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   127 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)`   281.4 հզ.

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Մարզի բնական պայմանները և հարստությունները

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:

Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:

Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:

Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ`   քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:

Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն`   այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին`   ավելի շատ:

Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:

Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:

Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը`   տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:

Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:

Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:

Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:

Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար`   Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Արուճի տաճար

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից Արուճի տաճարը գտնվում է գյուղի արևելյան մասում: Ըստ մատենագրական տեղեկությունների և եկեղեցու արևելյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության, Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին: Պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին: Եկեղեցին կանգնած է եռաստիճան գետնախարսխի վրա: Ունի 16,95 x 34,6 մ չափերի աղոթասրահ, առագաստային անցումով գմբեթ (այժմ՝ քանդված), արևելյան խորանի երկու կողմերում, երկուական պատուհաններով ավանդատներ՝ իրենց վերին թաքստոցներով: Թեև գմբեթը բացակայում է, տաճարն իր վեհությամբ գերիշխում է շրջակա ընդարձակ համայնապատկերի վրա: Ս. Գրիգոր եկեղեցին, իր չափերով, վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է: Մուտքերը հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերից են: Կառուցված է սև, սրբատաշ տուֆ քարով: Տաճարն ուշագրավ է նաև իր արտաքին և ներքին ճարտարապետական ու ոճական լուծումների միասնությամբ: Արտաքին հարդարանքը լուծված է վաղ միջնադարյան ճարտարապետության սկզբունքներով՝ բազմաթիվ մեծաչափ լուսամուտներ, արևելյան ճակատի «հայկական խորշեր», քանդակազարդ կամարապսակներ, հյուսկեն քիվեր: Արուճի տաճարի դերը հայկական ճարտարապետության մեջ նշանավորվում է իր որմնանկարներով, որոնք հայկական վաղ միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության լավագույն օրինակներից են: Հսկայածավալ, չափազանց լուսավոր ներքին տարածությունը որմնանկարներին հաղորդել է հանդիսավորություն և վեհություն: Երբեմնի հարուստ որմնանկարներից պահպանվել են որոշ հատվածներ, որոնք վկայում են VII դ. Ստեփաննոս նկարչի կատարողական բարձր վարպետության մասին:

Ս. Գրիգոր եկեղեցին, իր երկարամյա պատմության ընթացքում բազմիցս նորոգվելով, անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը: Առաջին անգամ նորոգել է Խաչատուր վարդապետը XV դ.: Հետագայում՝ 1946 թ., 1958-1959 թթ. և 1964 թ., վերանորոգվել են առանձին հատվածներ, և բարեկարգվել է եկեղեցու շրջակա տարածքը:

Արուճի տաճարի հարավային կողմում, ¬1947-1952 թթ. պեղումների ժամանակ (ղեկ.՝ Վ. Հարությունյան) բացվել են իշխան Գրիգոր Մամիկոնյանի VII դ. 60-ական թվականների պալատական կառույցի և տաճարից հարավարևելք գտնվող բազիլիկ շինության ավերակները:

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Սևանավանք

Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ 

301 թվականին՝ Տրդատ III թագավորի կողմից քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն ընդունելուց հետո, ամբողջ երկրի տարածքում սկսում են եկեղեցիներ կառուցվել։ Փաստորեն, Գրիգոր Լուսավորչի կողմից Սևանա կղզում կառուցված Սուրբ Հարություն և Սուրբ Կարապետ եկեղեցիները քրիստոնեական կրոնի պաշտամունքային առաջին կառույցներից էին Հայաստանում:   

Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին: 

Լեգենդի համաձայն՝ Մաշտոց Եղվարդեցի անունով մի վանական, ով Սևանավանքում տասը տարի ապրել էր որպես ճգնավոր (հետագայում կաթողիկոս է ձեռնադրվել), երազ է տեսնում, որտեղ 12 առաքյալները գալիս են նրա մոտ և կարգադրում իրենց անունով եկեղեցի կառուցել Սևանա լճի կղզու վրա:

Մաշտոցն իր երազը պատմում է Մարիամին, որը խոստացել էր երեսուն եկեղեցի կառուցել՝ ի պատիվ իր հանգուցյալ ամուսնու: Արքայադուստրը տպավորվում է վանականի պատմությամբ և նախաձեռնում համալիրի Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիների կառուցումը:

Դժբախտաբար, Սուրբ Աստվածածին բազիլիկ տիպի եկեղեցին սովետական շրջանում ապամոնտաժվել է (1931-ին): Եկեղեցու քարերն օգտագործվել են որպես շինանյութ՝ կղզում հանգստյան տուն կառուցելու համար։

Տարածաշրջանում կատարված պեղումների արդյունքում պարզվել է, որ Սևանա լճի տարածքը բնակեցված է եղել դեռևս նոր քարե և բրոնզե դարերում: 

Կղզին հայտնի էր նաև որպես միջնադարյան Հայաստանի առավել նշանավոր ամրոցներից մեկը, որտեղ 921 թ. տեղի է ունեցել հայոց թագավոր Աշոտ Բ Բագրատունու կամ Երկաթի (914-921 թթ.) արաբական զորքերի դեմ մղված նշանավոր ճակատամարտը: Ամրոցի պատերի մնացորդները այսօր էլ կարելի է տեսնել թերակղզու արևմտյան կողմից:

Ցավոք սրտի, 20-րդ դարում Սևանա լճի ջրի մակարդակը իջել է և կղզին վերածվել է թերակղզու:

Այսօր Սևանավանքը Հայաստանի ճանաչված պատմամշակութային և զբոսաշրջային վայրերից մեկն է:

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Սևանա լիճ

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է:

Լիճը տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուններով: Հայերի անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անունով կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, VII–IX դարերում՝ Դաշնավոր՝ ներդաշնակ, մեղմ, հանդարտ ծփանքների համար: Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա:

Սևանին արտակարգ հմայք են տալիս շրջակա լեռները, որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել լճի շուրջը. արևմուտքում՝ Գեղամա, հարավ-արևմուտքում Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս-արևելքում ձգվում են Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: 

Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով: Նախքան լճի մակարդակի արհեստական իջեցումը նրա երկարությունը 75 կմ էր, միջին լայնությունը՝ 19 կմ (առավելագույնը՝ 32 կմ), միջին խորությունը՝ 41,3 մ, իսկ ամենախոր մասի՝ Փոքր Սևանի խորությունը՝ գրեթե 98,7 մ: Այդ պայմաններում լճի ընդհանուր ծավալը կազմում էր 58,5 մլրդ մ3, ջրի մակարդակի արհեստական իջեցումից հետո` շուրջ 32,9 մլրդ մ3:

Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ՝ Ձկնագետը, Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Կարճաղբյուրը, Մասրիկը և այլն: Սևանը սնվում է նաև ստորգետնյա աղբյուրներով ու մթնոլորտային տեղումներով: Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը, որի ջրերով ոռոգում են Արարատյան դաշտի այգիներն ու բանջարանոցները: 

Լճի վերին ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ չէ (29 տեսակ): Կան սաղմոնազգի և ծածանազգի բնաշխարհիկ ձկնատեսակներ:

Անհիշելի ժամանակներից լիճը հայտնի է իր հռչակավոր իշխանով, կան նաև կողակ, բեղլու և սիգ: Հատակային ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ է (մոտ 130 տեսակ):

Սևանը հաճելի ու գրավիչ հանգստավայր է: Ամռան տապին լճի ափին զով է, օդը՝ մաքուր ու թափանցիկ, ջրերը՝ խաղաղ ու հանդարտ: Լրիվ ամպամած օրերը շատ քիչ են: Այստեղ կառուցվել են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ: Սևանի ափին հաճելի է նաև ձմռանը:

Սակավաջուր մեր երկրի կյանքում մեծ է Սևանի նշանակությունը: 1930–60-ական թվականներին Հրազդան գետի վրա կառուցվել է Սևան–Հրազդան կասկադը՝ իր 6 ջրէկներով, և ջրի պաշարներն ու էներգետիկ ներուժն օգտագործելու հետևանքով լճի մակարդակն իջել էր: 

Լճից ջրի բացթողման ընթացքում պարզվեց, որ նրա էկոլոգիական վիճակը վատթարանում է ավելի արագ, քան ենթադրվում էր: Լիճն արագ զրկվեց իր դարավոր պաշարների 40 %-ից, առավելագույն խորությունը հասավ մինչև 80 մ-ի, ջրի մակարդակն իջավ 13,5 մ-ով, որի հետևանքով միայն 1949–64 թթ-ին Փոքր Սևանի լճահատակը նվազեց 36,5 կմ2-ով, Մեծ Սևանինը՝ 116 կմ2-ով, նվազեց թթվածնի պարունակությունը ջրում, սկսեց հաճախ սառցակալել (1947 թ-ից՝ 17 անգամ): Մինչև 2001 թ. լճի մակարդակն իջավ 19,25 մ-ով: Ֆիզիկաքիմիական և կենսաբանական փոփոխությունների հետևանքով լիճն սկսեց ծերանալ ու ճահճանալ, «ծաղկել» կապտականաչ ջրիմուռներով:

Այս փոփոխությունները բացասաբար անդրադարձան լճի կենդանական աշխարհի վրա: Փոքր Սևանում գտնվող կղզին, որտեղ դեռևս IX դարում կառուցվել էր Սևանի վանքը, և որն ափից հեռու էր շուրջ 2 կմ-ով, աստիճանաբար վերածվեց թերակղզու: Այդ շարժընթացն ավարտվեց 1952 թ-ին: Ի դեպ, ջրերից ազատված տարածքում` Լճաշեն գյուղի մոտ, հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվեցին մեր թվականությունից հազարամյակներ առաջ ապրած մարդկանց բնակավայրեր, հնագիտական բազմատեսակ պեղածոներ, երկանիվ և քառանիվ սայլեր:

Այդ աղետը կանխելու համար որոշվեց էլեկտրաէներգիա ստանալու նպատակով լճից այլևս ջուր բաց չթողնել. ջուր էր բաց թողնվում միայն ոռոգման նպատակով:

Սևանա լճի պահպանության և պաշարների արդյունավետ օգտագործման համար բացառիկ նշանակություն ունեցավ Որոտան–Արփա–Սևան ջրատեխնիկական համալիրի կառուցումը: Լճի մակարդակը բնականին մոտ պահելու համար ջրատարը լիճ է տեղափոխում Որոտան, Արփա, Եղեգիս գետերի հոսքի մի մասը (տարեկան 415 մլն մ3): Այն բաղկացած է Արփա–Սևան (կառուցվել է 1981 թ-ին, տեղափոխում է 250 մլն մ3ջուր) և Որոտան–Արփա (կառուցվել է 2004 թ-ին, տեղափոխում է տարեկան 165 մլն մ3 ջուր) թունելային ջրատար համակարգերից:

Որոտան–Արփա–Սևան ջրատարի շահագործումն ապահովել է ոչ միայն Սևանա լճի մակարդակի կայունացումը, այլև նրա աստիճանական բարձրացումը: Նախատեսված է առաջիկա 10–15 տարիների ընթացքում լճի մակարդակը բարձրացնել մինչև 6 մ-ով:

Սևանա լճի բնական էկոհամակարգի պահպանության նպատակով 1978 թ-ին ստեղծվել է «Սևան» ազգային պարկը: Սևանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով: 2001 թ-ի մայիսի 15-ին ընդունվել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը: Սևանի պահպանությունը և լիճը բարվոք վիճակում գալիք սերունդներին փոխանցելը համազգային խնդիր է: 

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Հրազդան

Հրազդանը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն Արաքսի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք: Երկարությունը 141 կմ է: Արաքս է թափվում ծովի մակերևույթից 820 մ բարձրության վրա: Վերին հոսանքում առաջացնում է գալարներ, հովիտն ունի 10–11 կմ լայնություն: 

Միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120–150 մ) կիրճով և հերթափոխվում V-աձև ձորերով ու գոգավորություններով: Հովտում կան Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ՝ աղբյուրներ, որոնք օգտագործվում են Երևանի ջրամատակարարման համար, և հանքային ջրեր («Արզնի», «Բջնի»): Ստորին հոսանքում հովիտն աստիճանաբար լայնանում է և դուրս գալիս Արարատյան դաշտ:

Համակարգում կան 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ: Խոշոր վտակներն են Մարմարիկը, Ծաղկաձորը, Դալարը, Արայի գետը, Գետառը: Սնումը հիմնականում ստորգետնյա (51%) և հալոցքային (37%) է, վարարումը՝ գարնանը, հորդացումները` ամռանն ու աշնանը: 

Հրազդան գետի վրա գործում են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ջրէկները: Ջրերն օգտագործվում են 17 ոռոգիչ ջրանցքներով, որոնք սկիզբ են առնում կասկադի ջրէկներից և գետի ստորին հոսանքից: 

Հրազդանի ափին են Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները, Արզնի առողջարանը: Հովտում ստեղծվել է հանգստի գոտի: Հրազդանի վրա են Հաղթանակի (1945 թ.), Հրազդանի Մեծ (1956 թ.), Նուռնուսի (1981 թ.), Դավթաշենի (2000 թ.) կամուրջները:

Գետի վրա կառուցված կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է (1679 թ., Երևան):

Գետի ափերը բնակեցված են եղել դեռևս հին քարի դարից սկսած (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Ափերին են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) և Պահլավունիների ամրոցները, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Ծաղկաձոր

Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մառզում Երևանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա: Քաղաքը գտնվում է Թեղենիս լեռան լանջին՝ ծովի մակարդակից 1841 մետր բարձրության վրա, արևմուտքից շրջապատված է Ծաղկունյաց լեռնաշղթայով: Ամռանը եղանակը Ծաղկաձորում մեղմ է, ձմռանը՝ ցուրտ և ձյունառատ:

Ի սկզբանե կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր՝ կապված մոտակա Ծաղկունյաց լեռների անվան հետ։1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը՝ Ծաղկաձոր, իսկ 1958-ին այն ստացել է քաղաքային տիպի բնակավայրի կարգավիճակ:

Ծաղկաձորը հայտնի և սիրված զբոսաշրջային ուղղություն է ինչպես հայերի,այնպես էլ օտարների համար։ Ծաղկաձորի կլիման թույլ է տալիս ունենալ ինչպես ձյունառատ ձմեռներ, այնպես էլ զով ամառներ: Ծաղկաձորը իդեալական է ձմեռային մարզաձևերի սիրահարների համար՝ դահուկ և սնոուբորդ:

Ահա թե ինչու, ամեն տարի աշխարհի տարբեր վայրերից հազարավոր պրոֆեսիոնալ մարզիկներ և սիրողներ այցելում են այս փոքրիկ քաղաքը, որը մարդաշատ ու տոնական է լինում հատկապես ձմռանը:

Եվ ամենա կաևորը այնտեղ կա ճապանողի և զիփլայն:

Ծաղկաձորում է գտնվում Կեչառիս վանքը:
Կեչառիսի վանքը եղել է Հայաստանի կրոնական և կրթական խոշոր կենտրոն: Վանքը կառուցվել է անղանի գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ Գրիգոր Մագիստրոս Փահլավունու կողմից (990-1058թթ․):

Վանքի հիմնական եկեղեցին՝ Սուրբ Գրիգորը, կառուցվել է 1013 թվականին: Համալիրի մյուս երկու եկեղեցիներն են՝ Սբ․ Նշանը և 13-րդ դարում կառուցված Կաթողիկե եկեղեցին:

Սուրբ Գրիգոր մատուռը կանգնած է Սուրբ Գրիգոր և Սուրբ Նշան եկեղեցիների միջև, իսկ Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է անտառի եզրին՝ հիմնական համալիրից քիչ հեռու: Այն կառուցվել է 1220 թվականին և ունի յուրահատուկ հատակագիծ:

place
Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Կոտայքի մարզ

Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին]։

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է։

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։ Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Խոր Վիրապ

Խոր վիրապ, Վիրապ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի արևելյան լանջին՝ միջնաբերդի տեղում: Այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հվ-արմ.: Հայոց նվիրական սրբավայրերից, հանրահայտ ուխտատեղի: Խոր վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է Հայոց դարձի, քրիստոնեա Հայաստանի կրոն., կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ:
Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Ա Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարևանությամբ, վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը՝ «Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն», իսկ մարտին նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ»:
V դ. վիրապի վրա վանք է հիմնադրվել ու միաբանություն հաստատվել: Մոտ 642-ին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է Ս. Գևորգ եկեղեցին: Այն, ըստ Ս. Մնացականյանի, X դ. արաբ պատմիչ Ալ Մուկադդասիի նկարագրած եկեղեցին է (սպիտակ կրաքարից, ներսում ութ սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց, ծավալատարած. և կառուցվածքային սկզբունքով նման Զվարթնոցին):
930-ական թթ. Հայաստան արշաված արաբական բանակի դեմ համատեղ ճակատ կազմելով՝ Հայոց Աբաս Ա Բագրատունի ու Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորները Խոր վիրապի մոտ ջախջախել են թշնամու 13 հզազարանոց զորքը:
1047-ին Դվինի ամիրայի դեմ արշավող բյուզանդական բանակը գրավել է Խոր Վիրապը:
XIII դարից Խոր Վիրապը, համազգային սրբավայր լինելով հանդերձ, դարձել է նաև կրթության ու գիտության համահայկական հռչակավոր կենտրոն: 1255-ին վանքում Վարդան Արևելցին հիմնադրել է բարձր կարգի դպրոց՝ վարդապետարան, որտեղ ուսանելու են եկել նաև Կիլիկիայից: Դպրոցը եղել է 9-ամյա՝ նախակրթական, քահանայական երեք և բարձրագույն կրթության վեց տարիներով: Աստվածաբանությունից բացի ուսանողական ծրագիրը ներառել է անտիկ փիլիսոփաների, տրամաբանների, ճարտասանների, քերականների աշխատությունների և մեկնողական երկերի ուսուցում: Խոր Վիրապի դպրոցում Վարդան Արևելցու 40 աշակերտների թվում են եղել Եսայի Նչեցին, Հովհաննես Երզընկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, Գրիգոր Բալուեցին, Գրիգոր Բջնեցին և այլ անվանի մտածողներ:
1264-ին Վարդան Արևելցին Խոր Վիրապից մեկնել է Թավրիզ և, մոնղոլական Հուլավու խանի հետ բանակցելով, ստացել հատուկ արտոնագիր, որով չափավորվել են Հայաստանից գանձվող կեղեքիչ հարկերը և մեղմացվել կրոնական ճնշումները: Խոր Վիրապի վարդապետարանում Վարդան Արևելցին ավարտել է իր «Հավաքումն պատմության» երկասիրությունը, գրել «Աշխարհացույցը» և Դանիելի մարգարեության «Մեկնությունը»: 1271-ին վախճանված Վարդան Արևելցուն փոխարինել է Ներսես Մշեցին, և, որոշ ժամանակ անց, ապահովության նպատակով վարդապետարանը Խոր Վիրապից տեղափոխել է Մշո Ս. Առաքելոց վանք:
Խոր Վիրապը նաև գրչության կենտրոն էր (մինչև XVIII դ.): Մեզ են հասել մեկ տասնյակից ավելի ձեռագրեր Մատենադարանում են պահվում Գևորգ Սկևռացու 1267-ի, Մուրատ դպիրի 1663-ի, Գրիգոր Սյունեցու 1774-ի և այլ հեղինակների գրչագրած գործերը:
1441-ին Խոր Վիրապից Կիրակոս Վիրապեցին ընտրվել է Էջմիածնի նորոգ Մայր աթոռի կաթողիկոս (Կիրակոս Ա Վիրապեցի): XVI դ. Հայաստանի քաղաքական ու տնտեսական խիստ անբարենպաստ դրության հետևանքով Խոր Վիրապի շինությունները, մնալով անխնամ, զգալիորեն վնասվել են: XVII դ. Խոր Վիրապի վանահայր Դավիթ վրդ. Վիրապեցին վերակառուցել է վանքի շենքերը և վերակենդանացրել վանական կյանքը: 1666–1669-ին կառուցել է վանքի պարիսպները և ներսից կից շինությունները: Ուղղանկյուն հատակագծով, 7 շրջանաձև բուրգերով պարիսպները շարել են տեղական կոպտատաշ մարմար քարից: Խոր Վիրապը XVII դ. Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակն է: 1669-ի մարտի 1-ին խոջա Շմավոն Ագուլեցու՝ վաճառական և տարեգիր Զաքարիա Ագուլեցու եղբոր նախաձեռնությամբ և միջոցներով սկսվել են վիրապի՝ հողից մաքրման ու նորոգման աշխատանքները և XIII դ. նրա վրա կանգնեցված թաղածածկ մատուռի փոխարեն նոր եկեղեցու կառուցումը: 1669-ի սեպտ. 20-ին օծվել է Ս. Վիրապի վրայի նորակառույց Ս. Գրիգոր եկեղեցին (ունի թաղածածկ դահլիճի հորինվածք): Շինության աշխատանքների ընթացքում գտնվել են Վարդան Արևելցու և XIII դ. Խոր Վիրապի առաջնորդ Ներսես եպս. Տարոնացու աճյունները, որոնք 1272-ին ամփոփվել էին Ս. Գրիգոր եկեղեցու արևմտյան կողմում պատրաստված դամբարանում: Ս. Վիրապի դարեդար կուտակված հողի լիցքը մաքրելիս՝ գբի հատակի տակ բացվել է հոգևորականի աճյունով մատուռանման դամբարան (հավանական է՝ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի գերեզմանը), որը, սակայն, թողնվել է տեղում և վերստին ծածկվել հողով: Ս. Վիրապը մոտ 4,5 մ տրամագծով և 6,5 մ խորությամբ գուբ է, ուր իջնում են Ս. Գրիգոր եկեղեցու Ավագ խորանի աջ կողմի բացվածքից:
Նրա առաստաղի արևելյան կողմում այն անցքն է, որի միջով այրին ներս է գցել Գրիգոր Լուսավորչի հանապազօրյա հացը: III դարից պահպանված այս շինությունը հայկական միջնադարյան ճարտարապետության հնագույն գմբեթավոր կառույցն է:
Շմավոն Ագուլեցու մահվանից հետո՝ 1669–1672-ին, Խոր Վիրապի վերանորոգման աշխատանքներին իր նպաստն է բերել խոջա Ավթանդիլ Տփղիսեցին:
1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից ավերվել են Խոր Վիրապի Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին, վանական շինությունները, որոնք վերակառուցվել են 1680–1695-ին: 1695-ին վախճանվել է վանահայր Դավիթ Վիրապեցին և թաղվել Ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսային պատի տակ: Եկեղեցու պատին ու տապանաքարին փորագրվել է չափածո դամբանական, որով դրվատվել է վանահոր ազգանվեր գործունեությունը:
1703-ին ավարտվել է վանքի բակի կենտրոնում առանձին կանգնած Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցու հիմնովին վերակառուցումը, որից հետո այն ստացել է մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Արևելյան ճակատին, խորանի լուսամուտից վերև, ագուցված է Հայաստանում քրիստոնեության հաղթանակը պատկերող միակ բազմաֆիգուր հարթաքանդակը: Նրա աջ կողմում, երկու կողմերից հրեշտակներով, պատկերված է Գրիգոր Ա Լուսավորիչը, ձախ ձեռքին՝ Սուրբ Գիրքը, իսկ աջով օրհնում և դիվահարությունից բուժում է պառկած Տրդատ Գ արքային: Նրանցից վերև քանդակված են երկու հոգի (համեմատաբար փոքր), որոնցից հոգևորականի զգեստով աջ կողմինը Խոր Վիրապի վանահայր Դավիթ Վիրապեցին է: Քանդակի աջ եզրին գալարվող օձ է, գլուխը՝ Գրիգոր Ա Լուսավորչի ոտքերի տակ:
Պարսից տերության քաղաքական վայրիվերումների հետևանքով XVIII դ. Խոր Վիրապը առժամանակ չի գործել: 1765-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը նորոգել է Խոր Վիրապը, վերահաստատել միաբանությունը և թեմին տվել 11 գյուղ:
1734-ին Խոր Վիրապ է այցելել Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը: XIX դ. վանքը Երևանում ունեցել է այգիներ, շրջակայքում՝ ընդարձակ հողատարածքներ: XIX դ. վերջին քանդել են
Խոր Վիրապի Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից եռակամար սրահը և կառուցել սյունազարդ զանգակատուն:
Խոր Վիրապից արևմուտք գտնվում է «Օթեաց խաչ» սրբավայրը, որտեղ, ըստ ավանդության, հանդիպել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 1869-ին Խոր Վիրապի վանահայր Վարդան Ալեքսանդրապոլսեցին «Օթեաց խաչում» կառուցել է մատուռ: Խոր Վիրապի տոնակատարության օրն է Կրկնազատկի կիրակին:
1970–80-ական թթ. Վազգեն Ա Պալճյանի հոգածությամբ նորոգվել են Խոր Վիրապի կիսավեր պարիսպները, խցերը, տնտեսական շինությունները, վանահոր բնակարանը, կառուցվել է մատաղատուն: Հարավային պարսպին կից թաղակապ նկուղի տանիքը վերածվել է դիտահրապարակի, որտեղից բացվում է աստվածաշնչյան Արարատ լեռան համայնապատկերը: Հայոց դարձի նախասկիզբ սրբավայր Խոր Վիրապը վերստին ձեռք է բերել կրոնական կարևոր կենտրոնի իր նշանակությունը: 1989–94-ին վանքում հրատարակվել է «Գավիթ» կրոնամշակութային թերթը: