1- մաս
Մամփրեն ահագին ժամանակ հետևում էր, թե երրորդ դասարանցի թոռնուհին ինչպես է այբուբենը սովորեցնում եղբորը, որպես թե՝ նախապատրաստում է, որ տղան գալ տարի այբուբենը սերտած գնա դպրոց: Եվ, տես թե ինչպես է սովորեցնում. շուտասելուկի պես,— Ա — բ — գ — դ — ե — զ…,— առանց հնչեցնելու, առանց ներդաշնակելու։ Բա Մամփրեի սովորած այբուբենը ա՞յդ էր, այդպե՞ս էր։ Վարժապետ Տեր Հարությունը նահատակվեց, այբուբենը հո չփոխվե՞ց։
Իսկ երբ թոռնուհին ճլոտեց թոռանը, Մամփրեն էլ չհամբերեց.
— Աղջի, շան կաթ կերած։— Եվ հերսոտ ոտքի ելավ։ — Սխալ-մխալ կզրուցե քիչ է, հըլը տղին էլ կճլոտե։— Եվ այբբենարանը խլեց-շպրտեց մահճակալին, իսկ տղային քաշեց ծնկների արանքը։
— Քու քուրն սուտասան է, ձգուկ, էդ փապռեճի զրուցին ականջ մի պահե։
Ապա հերսոտ դարձավ թոռնուհուն՝
— Էդ ի՞նչ սուտ ու փուտ է կսովորեցնիս տղին:
— Սուտը…,— թոռն ուհին ուզեց շշպռել պապին, բայց զսպեց իրեն։— Գրքում է էդպես գրված։
— Բեր տեսնիմ,— խիստ պահանջեց պապը։
Թոռնուհին տարակուսած նայեց. պապը, ախր, տառաճանաչ չէ, ճիշտն ու սխալը էդ ինչպե՞ս պետք է ստուգի և այն էլ, այն էլ՝ գրքով։ Եվ փռթկացրեց ափի մեջ։
— Գիրքն հոս բեր… Շան կաթ կերած… Դե բաց ու ինչպես մեջ գրքին է, էդպես զրուցե։ Կարդա հատիկ-հատիկ,— խիստ պահանջեց Մամփրեն,— կարդա մեկիկ-մեկիկ ու մեկիկ-մեկիկ ցուցամատե։— Եվ աչքը բաց էջին լարված՝ սպասեց:
— Այբ-բեն-գիմ-դա-եչ-զա…
Մինչ Մամփրեն փորձում էր աչալուրջ հետևել, թոռնուհու ցուցամատը ցոլաց, և նա շուտասելուկով կտրեց այբուբենի երկու շարքը։
— Համբերե։— նեղսրտեց Մամփրեն։— Քեզ ասի հանդարտիկ կարդա։ Հատիկ-հատիկ կարդա ու ցացանե։
— Ա՜յբ… բե՜ն… գի՜մ… դա՜…
— Համբերե։ Գիմ-ից հետո նորեն կարդա։ Թոռնուհին շփռթվեց և սկսեց նորից.
— Ա՜յբ… բե՜ն… գի՜մ…,— հարցական նայեց պապի աչքերին։
Մամփրեն լարված սպասում էր։
— …դա՜,— թոռնուհին մատնացույց արեց և ուզեց շարունակել, բայց Մամփրեն ընդհատեց։
— Համբերե։— Լարված նայում էր տառերի շարուկին։– Հըլը գիմ-ն ցուցամատի։
— Էս է:
— Գիմ-ից հետո հարկ է, որ էղնի՝ ել, Հովակիմ:
— Ի՞նչ։
— Ել, Հովակիմ,— նեղսրտես Մամփրեն։
— Ել, Հովակիմ։— Ափի մեջ փռթկաց թոռնուհին։— Այդպիսի բան չկա։
— Լավ նայե։
— Չկա, այ պապ, չկա։— Չիք։— Եվ ափերը հաղթական շրխկշրխկացրեց։— Տեսար, որ սուտ ու փուտ չեմ սովորեցրել։ Դե, արի։— Եվ քաշեց եղբոր թևից։
— Համբերե։— Եվ թոռանը ծնկների արանքում սեղմած, մտածկոտ հայացքը այբբենարանին, Մամփրեն շշնջաց։— Թե էդպես է. գիրքն է սխալ կխաբրե… գիրքն է սխալ կզրուցե։
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ