Рубрика: 2020-2021 ուստարի, Հայրենագիտություն, Նախագիծ, Պատմություն, Առասպել, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Գյումրի քաղաք տեղեկություն

Ճանապարհ

Ճանապարհով Առանց ճանապարհ Ընդահանուր Ժամանակ
121.60 կիլո մետր 88 կմ 1,1 ժամ
75.39 մղոն 52.8 մղոն 66.0 րոպե

Եղանակը Գյումրիում Ապրիլի 8-10

Ապրիլի 8
Ապրիլի 9
Ապրիլի 10

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍԻՆ

Գյումրին գտնվում է Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մ բարձրություն ունեցող հարթավայրում: Քաղաքն ունի շուրջ 115 հազար բնակչություն, իսկ տարածքը կազմում է 4429 հեկտար:

Շիրակի մարզկենտրոն Գյումրին ունի բազմադարյա պատմություն: Աշխարհագրորեն այն տեղագրվում է Շիրակի սարահարթում՝ Ախուրյան գետի միջին հոսանքի ձախափնյակում, ՀՀ ամենաբարձր գագաթ Արագածից դեպի հյուսիս և ունի խիստ ցամաքային կլիմա: Այստեղով հոսում են Ախուրյանի ավազանին պատկանող չորս ոչ մեծ գետակներ՝ Գյումրիչայը, Ղորղոբան, Չերքեզի ձորի գետակը և Բոշիչայը:

Գյումրու տարածքը բնակեցվել է դեռևս հնագույն ժամանակաշրջաններից: Առ այսօր հայտնաբերված և ուսումնասիրված վաղագույն բնակավայրերը վերաբերում են Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբներին (Մսի կոմբինատ,  Բուսաբանական այգի,  Ալեքսանդրապոլի ամրոց, Սև բերդ, Վարդբաղ): Ներկայիս Գյումրու տարածքում ստեղծված պետական առաջին կազմավորումը հիշատակվում է Մարմաշենից ոչ հեռու գտնված Ք.ա. 8-րդ դ. ուրարտական մի արձանագրության մեջ՝ Իրդանիունի անվամբ և նույնացվում է «Կումայրի» հնավայրի հետ՝ քաղաքի արևմտյան մասում, Չերքեզի ձոր կոչվող գետակի ձախ ափին:

Բնակավայրն արդեն Կումայրի անվամբ նախ հիշատակվում է 774 թ., ապա 13-րդ դ. (Կումիրի անվամբ), որից հետո մինչ 19-րդ դ. սկիզբը նրա մասին տեղեկություններ այլևս չկան:

19-րդ դ. սկզբին Կումայրի գյուղի փոխարեն հիշատակվում է Գյումրին (դարերի ընթացքում հնչյունական փոփոխությունների ենթարկվելով՝ Կումայրին տվել է Կումրի ձևը, որն էլ աղավաղվելով՝ դարձել է Գումրի, Գյումրի), որն ըստ ժամանակակիցների 19-րդ դ. սկզբին ուներ մի հին եկեղեցի և 50-70 տուն բնակչություն: 1804 թ. հունիսին ռուս գեներալ Ցիցիանովի ջոկատներն առաջին անգամ մարտերով մտան Շիրակ և գրավեցին Գյումրին: Շուտով այնտեղ տեղակայված կազակային կայազորի զինվորների համար կառուցվում է բնակելի թաղամաս, իսկ կարճ ժամանակ անց բնակավայրի տեղում ստեղծվում է բավականին ամրացված սահմանային կայան: Ռուսների զորային ուժի ներկայության շնորհիվ հուսալի դառնալով՝ Գյումրին սկսում է դեպի իրեն  ձգել պատերազմներից ու զրկանքներից այս ու այն կողմ ցրված հայերին:

Բնակավայրի տնտեսական կյանքն աշխուժանալ սկսեց միայն  արևմտահայերի վերաբնակեցումից հետո (1829-1830 թթ.): Աստիճանաբար առաջացան նոր թաղամասեր: Դեռ դարասկզբին այստեղ բնակություն հաստատած ռուս զինվորները քաղաքի հարավային մասում կառուցեցին իրենց թաղը՝ «Սլաբոտկան»: Մահմեդականները Գյումրու հարավ-արևելքում (այժմյան ավտոկայանից մինչև հին գերեզմանոց) հիմնեցին «Թուրքի մահլեն»: Դրանից վերև, դեպի հյուսիս, հույները հիմնեցին «Ուռմնոցը» կամ «Հունաց մահլեն», հայ բոշաները՝ «Բոշի մահլեն» (ներկայիս Սայաթ-Նովա փողոցից մինչև նախկին հանրախանութ ընկած տարածքը), իսկ հայ կաթոլիկները՝ «Ֆռանգների մահլեն» (Օրիորդաց գիմնազիայից մինչև զինվորական կոմիսարիատ ընկած տարածքում): «Հունաց մահլից» հյուսիս խղճուկ տներ էին կառուցել աղքատ վերաբնակները, որոնց թաղը կոչվում էր «Հողեպլան»:  Հին գյումրեցիներն էլ հիմնականում տեղավորված էին «Ձորի մահլում»:

1836 թ. հաստատվեց Գյումրու առաջին հատակագիծը, ըստ որի քաղաքն ունենալու էր քառանկյունի տեսք՝ երկայնքով և լայնքով իրար հատող փողոցներով: Նույն տարում ավարտվեց բերդի կառուցումը: 1837 թ. Գյումրի այցելած Նիկոլայ 1-ին կայսրը բերդում հիմնեց սուրբ Ալեքսանդրայի անունը կրող ռուսական եկեղեցին և Գյումրին վերանվանեց Ալեքսանդրապոլ: 1843 թ. հաստատվեց քաղաքի զինանշանը:

Ալեքսանդրապոլի հետագա զարգացման գործում մեծ դերակատարություն ունեցավ 1840 թ. նրա՝ նոր ձևավորված գավառի կենտրոն դառնալու հանգամանքը: 1840-1870 թթ. Ալեքսանդրապոլի և համանուն գավառի ղեկավարումն իրականացվում էր գավառապետի կողմից: 1870 թ. այստեղ ստեղծվեց գավառային ոստիկանական վարչություն` վարչա-կառավարական և պատժիչ գործառույթներով: 1892 թ. ցարական կառավարությունը հրատարակեց համապետական քաղաքային կանոնադրություն, որն Ալեքսանդրապոլում կիրառվեց 1896 թ. (սահմանվեցին քաղաքային ինքնավարության ոչ դասային երեք օրգաններ` ընտրական ժողով, դումա և վարչություն):

Քաղաքական և տնտեսական տեսակետից աստիճանաբար զգալի նշանակություն ստանալով` սկսած 1846 թ., Ալեքսանդրապոլն երկրորդական գավառային կենտրոնից աստիճանաբար վերածվեց նահանգային առաջնակարգ գավառակենտրոնի, որն իր տնտեսական նշանակությամբ գերազանցեց նույնիսկ նահանգի կենտրոն Երևանին:

Սկսած 19-րդ դարակեսից այն բարեկարգ քաղաք էր՝ ուղիղ, լայն և գիշերը լուսավորվող փողոցներով, իսկ քաղաքի ամբողջ բնակչությունը քիչ թե շատ խոսում էր ռուսերեն: Դրան զուգահեռ 1830-ականների կեսերից սկսած Ալեքսանդրապոլը նաև ամենահայեցի քաղաքն էր ամբողջ Անդրկովկասում, իսկ դարավերջին՝ ամենամարդաշատը Երևանի նահանգում (1886թ. Անդրկովկասում անցկացված աշխարհագրի տվյալներով՝ քաղաքն ուներ 24230 բնակիչ, որի 95.5%-ը հայեր էին):

Ալեքսանդրապոլի հետագա բարգավաճումը շարունակվեց մինչև 20-րդ դարասկիզբ:

1914 թ. օգոստոսի 1-ին բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որի ընթացքում քաղաքն ապաստան դարձավ տասնյակ հազարավոր եղեռնապուրծ հայերի  համար: 1915-1918թթ. ընթացքում Ալեքսանդրապոլն ընդունեց ու ճանապարհեց ավելի քան 95000 արևմտահայ գաղթականների, բացվեցին ութ որբանոցներ:

1918 թ. ապրիլից, ռազմաքաղաքական անբարենպաստ իրադրության պատճառով ռազմական գործողություններն աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատում տեղափոխվեցին Արևելյան Հայաստանի տարածք: Մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը թուրքերի կողմից գրավվեց և ավելի քան վեց ամիս մնաց թուրքական զինակալման պայմաններում: Երկու տարի անց պատմությունը կրկնվեց: 1920թ. սեպտեմբերի վերջին սկսված թուրք-հայկական պատերազմի արդյունքում Ալեքսանդրապոլը երկրորդ անգամ` նորից վեցամսյա ժամկետով, հայտնվեց թուրքերի ձեռքում: Թուրքական զինակալումներն աղետալի հետևանքներ ունեցան քաղաքի համար: Ըստ ՀՀ Արտաքին գործոց նախարարության տվյալների՝ միայն 1918 թ. Ալեքսանդրապոլ քաղաքից և համանուն գավառից փախածների ընդհանուր թիվը կազմեց 45000: Թուրքերն Ալեքսանդրապոլից հեռացան 1921թ. ապրիլի 22-ին, երբ քաղաքը վերածվել էր հսկա ավերակակույտի:

Քաղաքի նոր վերածնունդը կապվեց խորհրդային իշխանության հաստատման հետ: 1924 թ. Հայկոմկուսի Կենտկոմի միջնորդությամբ ԽՍՀՄ Կենտգործկոմն Ալեքսանդրապոլը վերանվանեց Լենինական: Սկսվեց քաղաքի պատմության նոր շրջափուլ: Առաջին քայլերը քաղաքային տնտեսության բարելավման ոլորտում կատարվեցին 1920-1930 թթ.: Երկաթուղային հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքում 1953 թ. հիմնադրվեց էլեկտրաքարշային, իսկ 1965-ին՝ լոկոմոտիվային դեպոն: Կարճ ժամանակահատվածում Լենինականը վերածվեց թեթև արդյունաբերության կենտրոնի: 1924 թ. այստեղ հիմնադրվեց Տեքստիլ կոմբինատը, 1942-ին՝ ներկման ֆաբրիկան, իսկ 1975-ին կազմավորվեց Մայիսյան ապստամբության անվան բամբակագործվածքային արտադրական միավորումը: Դրան զուգահեռ 1962 թ. հիմնադրվեց «Լենկոշ» միավորումը:

Զարգացավ նաև սննդարդյունաբերության ոլորտը. 1935-ին ստեղծվեց Մսի պահածոների կոմբինատը:

Խորհրդային իշխանությունների հետևողական քաղաքականության շնորհիվ Լենինականում զարկ տրվեց նաև ծանր և մեքենաշինական արդյունաբերությանը: 1950-60 թթ. հիմնադրվեցին «Ստրոմմաշինա», Հղկող հաստոցների, էլեկտրամեքենաշինական, «Հայէլեկտրակոնդենսատոր», Հեծանիվի, «Հայէլեկտրակենցաղսարք», «Գալվանոմետր», Վերլուծական սարքերի և Սառնարանային կոմպրեսորների գործարանները:

Զգալի աշխատանքներ կատարվեցին կապի ու տրանսպորտային հաղորդակցության զարգացման ոլորտում: 1931 թ. քաղաքում հիմնադրվեց օդանավակայանը, իսկ 1960-ականներին շարք մտավ տրոլեյբուսային գծուղին:

Ընդհանուր առմամբ խորհրդային տարիներին Լենինականում կառուցվեց 13 մեքենաշինական ձեռնարկություն: Քաղաքի արդյունաբերական հիմնարկությունների թիվը հասավ 54-ի, որոնցում 1988 թ. հունվարի 1-ի տվյալներով աշխատում էր ավելի քան 48000 բանվոր-ծառայող: 1984 թ. քաղաքը  պարգևատրվեց «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով:

Լենինականի վերանվանումը Գյումրու կապված է այնքան սպասված անկախության հետ, որը քաղաքը դիմավորեց բարդագույն տնտեսական պայմաններում` իր վրա կրելով 1988 թ. աղետալի երկրաշարժի և Արցախյան ազատամարտի բոլոր դժվարությունները (քաղաքային խորհրդի որոշմամբ անվանափոխության հանրաքվեն միավորվեց Անկախության հանրաքվեին՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին): Իր բնակֆոնդի ավելի քան 60 %-ը կորցրած քաղաքը 1992 թ. դեկտեմբերից հայտնվեց ծայրահեղ ծանր պայմաններում. դադարեցվեցին գազամատակարարումը, էներգամատակարարումը, քաղաքը զրկվեց կենսապահովման միջոցներից: Վառելանյութի բացակայության պատճառով կանգ առավ հասարակական տրանսպորտը: Այդուհանդերձ գյումրեցին իր ամենաակտիվ մասնակցությունը բերեց Արցախյան գոյամարտին և ՀՀ սահմանների պաշտպանությանը. կազմակերպվեցին երկրապահ կամավորականների ջոկատներ Միքայել Վարդանյանի, Միշա Սահակյանի, Վարդան Մայիլյանի, Աշոտ Զաքարյանի և այլոց հրամանատարությամբ:

Քաղաքի վերականգնման գործում առաջին դրական տեղաշարժերը կատարվեցին 1999-2002 թթ., երբ կառավարությունն ընդունեց «Աղետի գոտու վերականգնման և զարգացման հայեցակարգը», ապա գործողության մեջ մտավ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը»: Այդ շրջանում Գյումրիում գործունեություն ծավալեցին «Լինսի», Հանթսմանի և «Կարմիր խաչի» ծրագրերը: Ջոն Հանթսմանի նախաձեռնությամբ ստեղծվեց միկրոթաղամաս Գ. Նժդեհ փողոցում: «Լինսի» և «Կարմիր խաչի» միջոցներով քաղաքում կառուցվեցին և վերակառուցվեցին մոտ երկու տասնյակ բազմաբնակարան շենքեր, ասֆալտապատվեցին գլխավոր փողոցները, հիմնովին վերանորոգվեցին Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, Ասլամազյան քույրերի պատկերասրահը և հասարակական այլ օբյեկտներ: Նույն ժամանակահատվածում էական աշխատանքներ կատարվեցին նաև դպրոցաշինության, առողջապահական և մարզական նշանակության շինությունների վերականգնման ասպարեզում: Իսկ արդեն 2008 թ. կեսերից ուժի մեջ մտավ «Աղետի գոտու բնակարանաշինության» հույժ կարևոր ծրագիրը, որի շնորհիվ շուրջ 3000 ընտանիք անօթևան գյումրեցիներ ապահովվեցին բնակարաններով: Այսօր Գյումրին արդեն նկատելի արդյունաբերական և բանկային  ներուժի քաղաք է, ուր գործում են 12 բանկային մասնաճյուղեր, 20-ից ավելի խոշոր ընկերություններ, 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ:

Մարյաշենի Վանք

Մարմաշենի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում, Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին:Հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Այն եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն:Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից` Մեծ և Փոքր (Վերին):Մեծ հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, 3 եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից:

Կաթողիկե – մեծ հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին է: Ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029-ին: Եկեղեցին երկու զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Որմնամույթերը մշակված են սլացիկ սյունախրձերով: Ավագ խորանը` որմնախորշերով, իսկ ճակատներն արտաքուստ զարդարված են զույգ կիսասյուներով և նրանց վրա ձգվող դեկորատիվ կամարաշարով: Գմբեթի 12 նիստանի թմբուկը, որը պսակված է հովանոցաձև վեղարով, զարդարված է փոքրիկ ճակտոններով իրար կապվող կիսասյուների փնջերով:
Կաթողիկե եկեղեցին հայկական ճարտարապետության Անիի դպրոցի լավագույն օրինակներից է: Ենթադրվում է, որ կառուցել է Տրդատ ճարտարապետը:

Երկրորդ եկեղեցի – գտնվում է Կաթողիկեի հյուսիսային կողմում, մոտ 1,5 մետր հեռավորության վրա: Կառուցվել է, հավանաբար, նրա հետ միաժամանակ: Թե՛ իր հորինվածքով, թե՛ իր մանրամասերով ու հարդարանքով Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունն է: Պահպանվել են միայն հյուսիսային և արևելյան պատերը:

Երրորդ եկեղեցի – Կաթողիկե եկեղեցու հարավային կողմում է: Կառուցվել է XI դ.: Ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն կենտրոնագմբեթ կառույց է:

Չորրորդ եկեղեցի – գտնվում է համալիրի հարավ-արևմտյան կողմում: Բացվել է 1954-56 թթ. կատարած պեղումների ընթացքում: Արտաքուստ բոլորակ, ներսից չորս ավանդատներով, քառախորան գմբեթավոր հորինվածքով XI դ. կառույց է: Պահպանվել են գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը:

Գավիթ – կից է Կաթողիկեին արևմտյան կողմից: Քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով կառույց է: Ծառայել է որպես տապանատուն: Այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին: XIX դ. վերջին նրա տապանաքարը փոխարինվել է նորով: Պահպանվել են գավթի պատերի ստորին մասերը և սյուները:
Գավթի արևմտյան կողմում հայնաբերվել են վանքի ջրմուղի որոշ հատվածներ:

Գերեզմանատուն – տարածված է հուշարձանախմբի հարավային և արևելյան կողմերում:
Փոքր կամ Վերին հուշարձանախումբը բաղկացած է միակ եկեղեցուց և կից գերեզմանատնից:

Եկեղեցի – հայտնի է նաև Հին կամ Հինգերորդ եկեղեցի անվամբ: Գտնվում է Մեծ վանքից հյուսիս, բլրի վրա: Խաչաձև հատակագծով, գմբեթավոր կառույց է, վերագրվում է X-XI դդ.: Այժմ ավերակ է:

Գերեզմանատուն – Տարածված է Փոքր վանքի շուրջը: Այստեղ է ամփոփված Վահրամ Պահլավունու կնոջ` Սոփիայի աճյունը: Այստեղ է թաղված նաև ճարտարապետ Շնավորիկը:

Մարմաշենի վանքը բազմիցս նորոգվել է: 1870 թ. վանքը նորոգել է Մկրտիչ Ջալալյանը և կից հիմնել է դպրոց: 1900 թ. վանքում նորոգման աշխատանքներ է կատարել Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ) կաթողիկոսը: 1950-ական թվականներից պարբերաբար վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:
2001 թ. Կաթողիկե եկեղեցին վերանորոգվել է իտալահայ բարերար Գայանե Կազնատիի ջանքերով:

Հիմնական գրականությունը.

Ղ. Ալիշան, Շիրակ, Վենետիկ, 1881:
Վ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Եր., 1992:
Ս. Սաղումյան, Մարմաշենի վանքը, Վաղարշապատ, 1998:
Հ. Եղիազարյան, Մարմաշենի վանքը և նրա վիմագրությունները, Էջմիածին, 1957:

ՅՈԹ ՎԵՐՔԵՐ

Չարչարանաց տիպի գաղափարական բովանդակության հետ կապվում է «Աստվածածնի յոթ վերքի» պատկերագրությունը, որը ձևավորվել է կաթոլիկ արվեստի միջավայրում 13-14-րդ դարերում: Ըստ «Պատկերագրության ընդհանուր հանրագիտարանի» հեղինակների՝ Արևմուտքում տարածված պատկերագրական տարբերակներից մեկում Քրիստոսի մարմինը գոգին սգացող Աստվածածինը պատկերվում է խաչի տակ կանգնած կամ նստած: Իսկ ավելի ուշ շրջանում տարածվել են գոտկատեղից ներքևի հատվածով Աստվածամոր պատկերները, ուր նա ներկայացվում է կամ յոթ սրերով խոցված, կամ էլ առանց սրերի և կրծքի վրա բոցավառվող սրտի պատկերով: Վերջին տարբերակն առաջացել է ֆլանդրիական եղբայրության ազդեցության ոլորտում:

Պատկերագրության գրական հիմքը Ավետարանն է և եկեղեցական մատենագրությունը: Ղուկասի ավետարանում կարդում ենք, որ Սիմեոն ծերունին, Մանուկ Հիսուսին իր գիրկն առնելով, դիմում է Մարիամին՝ ասելով. «Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկաս 2:35): Քրիստոսի երկրային կյանքի ճանապարհին Նրան հասցված չարչարանքները խորհրդաբանորեն փոխանցվում են Աստվածամորը՝ խոր վերք թողնելով նրա սրտում: Աստվածամոր սիրտը խոցած յոթ վերքերն են՝

Ա. Սիմեոն ծերունու մարգարեությունը, երբ քառասնօրյա Մանկանը բերեցին տաճար:

Բ. Փախուստը Եգիպտոս՝ խուսափելու Հերովդեսի հալածանքներից:

Գ. Երբ Տիրամայրը տաճարում կորցնում է 12-ամյա Քրիստոսին:

Դ. Երբ Հիսուսին դատապարտեցին խաչելության:

Ե. Հիսուսին մահվան դատապարտեցին՝ գամելով Նրան խաչափայտի վրա:

Զ. Հիսուսի հոգին ավանդելը,Նրա կողը խոցելն ու Խաչից իջեցնելը:

Է. Երբ Հիսուսին թաղեցին:

Աբել քահանա Մանուկյանը հետևյալ կերպ է խմբավորում Աստվածամոր վերքերի պատճառները՝ «Մարգարեացումը, հայրենազրկությունը, կորուստը, խաչելությունը, մահը, ցավատանջը, թաղումը» (Ա. քհն. Մանուկեան, Գիւմրիի «Եօթ վէրք»-ը, Երեւան, 2006):

«Տիրամոր յոթ վերքը» կտավը ստեղծագործելիս հայ հեղինակի համար նախօրինակ է հանդիսացել իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ Միքելանջելոյի (1475-1564) հանրահայտ «Պիետա» (իտալերեն — pjeˈta — «ողբ») մարմարե քանդակը, որը գտնվում է Հռոմի Ս. Պետրոս տաճարում: Նկարը քանդակի հայելային պատկերն է: Միայն թե, ի տարբերություն քանդակի, նկարն ունի գեղանկարչությանը հատուկ որոշ հավելումներ. մասնավորապես ողբի տեսարան են ներմուծված դեռատի մոր սիրտը խոցող և հոգու վերքերը ցույց տվող յոթ սրերը: Վերին մասում, բռնակների մոտ, կլոր շրջանակների մեջ պատկերված են դրանցից յուրաքանչյուրի իմաստային մոտիվները: Նկարի ցածի մասում ներկայացված են Հիսուսի չարչարանքները խորհրդանշող փշե պսակը, մեխերը, խաչափայտը, որոնք ավելի ազդեցիկ են դարձնում մահացած Աստվածորդու վրա ողբացող մոր պատկերի դրամատիկ ներգործությունը: Տպավորիչ է Տիրամոր հողաշագանակագույն զգեստի վրա դեղնավարդագույնով մեկնաբանված Հիսուսի մարմինը, որն ավելի է սրում թեմայի ողբերգական բնույթը: Այս ամենի շնորհիվ նկարը բավականին տարբերվում է մարմարե բնօրինակից:

Հայկական սրբանկարչության մեջ մեզ հայտնի են հինգ պատկեր, որոնցից երկուսը գտնվում են Գյումրիի Ս. Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում (1837թ.) և մեկական սրբապատկերներ՝ Ախալքալակի Ս. Նշան եկեղեցում (1865թ.), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (թիվ 29), Հայաստանի Ազգային պատկերասրահում (ՀԱՊ, Գ-853): Դրանք անհայտ հեղինակների գործեր են, որոնցից չորսը թվագրվում են 19-րդ դարի առաջին կես, մեկը՝ 17-րդ դարի վերջ-18-ի սկիզբ: Այս նկարներն ունեն պատկերագրական զանազան հորինվածքներ: Գյումրիի Ս. Աստվածածին եկեղեցու գործերից մեկում յոթ սրերով խոցված Ս. Կույսը պատկերված է մինչև գոտկատեղ, ձեռքերն աղոթելու դիրքով կրծքի վրա բռնած: Մյուս սրբապատկերներում նրա գոգին պատկերված է խաչից իջեցված Քրիստոս:

Ազգային պատկերասրահում ցուցադրվող «Աստվածածնի յոթ վերքը» նկարն առաջին անգամ հիշատակվում է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի «Դավթարում», ըստ որի՝ կախված է եղել Ս. Հակոբի խորանում: Պատկերի ներքևի հիշատակային գրությունը փաստում է, որ այն Աստապատցի Հովսեփ վարդապետի նվերն է Էջմիածնի վանքին:

Կտավի կենտրոնում պատկերված է Աստվածածինը, գոգին՝ մեռյալ Քրիստոս, իսկ վերնամասում՝ կապտականաչավուն երկնքի խորքին բոլորաձև տեղադրված յոթ սրերը ուղղված են նրա կրծքին, որոնց բռնակների մոտ թեմատիկ պատկերով մեկական շրջանակ է: Աստվածածնի թիկունքի կողմից բարձրանում է մեծ խաչափայտ, իսկ ոտքերի առջև՝ գետնին, Քրիստոսի մատնության ու չարչարանքի գործիքներն են՝ գամեր, աքցան, փշե պսակ, մտրակ, զառ, «գիր վնասուն» թուղթը: Դրանք նման են «Սևանի Աստվածամայրը» սրբապատկերի՝ նույն իմաստն արտահայտող առարկաներին: Շրջանակների մեջ պատկերված տեսարաններն անվերծանելի են՝ ներկաշերտը մաշված ու թափված լինելու պատճառով: Սակայն նկարի բովանդակությունը հուշում է, որ դրանք կապված են յոթ ցավերի հետ:

«Աստվածածնի յոթ վերքը» պատկերը իր հորինվածքային կառուցվածքով բաժանվում է բովանդակությամբ իրար լրացնող և շարունակություն կազմող մի շարք առանձին հատվածների: Կտավի հորիզոնական առանցքին տեղադրված Աստվածածնի գոգին Քրիստոսի մարմինն է, ուղղահայաց առանցքին՝ խաչափայտը, որն ավարտվում է չորրորդ սրի վերևի տիրագունդ հիշեցնող շրջանակով: Խաչից սկիզբ առնող երկու թեք գծերը (կենտրոնում պատկերված է Մարիամի գլուխը) բացվելով իջնում են մինչև Աստվածածնի ձեռքերը և հատվում հորիզոնական առանցքին պատկերված Քրիստոսի մարմնի ու Աստվածամոր՝ իրարից հեռու դրված ոտքերի գծով կազմված ուղղանկյան հետ: Եռամասն այս հատվածների ուրվագիծը ներառում է եկեղեցու գմբեթի մի պատկեր: Քրիստոնեական խորհրդաբանության համաձայն՝ Աստվածածինը խորհրդանշում է եկեղեցին, և այս գաղափարը գեղանկարչական իր ուրույն արտահայտությունն է գտել այս կտավում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող սրբապատկերում Հիսուսի անկենդան մարմինը Աստվածածնի դիմացն է՝ սպիտակ սավանի վրա, որի ծայրերից բռնած երկու ծնկաչոք հրեշտակներ դնում են քարեհատակին: Խաչից իջեցված Քրիստոս գոգին և յոթ սրերով խոցված Աստվածամոր երկու կողմերում կանգնած են մեկական հրեշտակ և վերևի անկյուններում՝ ամպերի մեջ, հրեշտակների գլուխներ: Նրանց տխուր հայացքներն ուղղված են Ս. Կույսին ու Քրիստոսին: Տիրամայրը պատկերված է գլուխն ուսին հենված, մատներն իրար մեջ անցկացված ձեռքերը կրծքին, անթարթ հայացքն ուղղած Հիսուսին:

Գյումրիի սրբապատկերում Մարիամի լուսաշող դեմքին, հեռուն հառած հայացքում ամփոփված է ոչ այնքան ցավի ու տառապանքի ապրումներ, որքան, Ա. Մանուկյանի ձևակերպմամբ՝ «յաւիտենական խաղաղութիւն մը, հոգեւոր անասել անդորրութիւն մը, անհունը յոյսին ու զօրութիւն յաղթանակող կեանքին»: Նկարի գունային լուծումը նպաստում է տեսարանի ընդհանուր տրամադրությանը:

Ախալքալակի Ս. Նշան եկեղեցու սրբապատկերը տեղադրված է փայտյա, քանդակազարդ երկփեղկ պահարանի մեջ, ինչպես Գյումրիի Ս. Աստվածածին եկեղեցում: Հեղինակը ջանացել է Աստվածածնի ու հրեշտակների ապրումները մարմնավորել սառը կապտամոխրագույն գունաշարի միջոցով:

Քանդակագործության մեջ «Աստվածածնի յոթ վերքի» մեզ հայտնի միակ գործը գտնվում է Գյումրիի Ս. Աստվածածին եկեղեցու արևելյան պատի վրա: Սպիտակ քարից կերտած հարթաքանդակի ներքևում տեղ գտած արձանագրության մեջ արժեքավոր տեղեկություններ կան այս քանդակի և ավանդատանը գտնվող Աստվածածնի սրբապատկերի ծագման մասին: Ըստ այդմ՝ պատկերները Հասանկալայի վանքից 1830թ-ին Պողոս վարդապետը տարել է Հառիճավանք, այնտեղից էլ 1852թ-ին Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի (1843-1857) հրամանով տեղափոխվել է Էջմիածնի Մայր տաճար, իսկ 1856թ-ին՝ հանգրվանել Գյումրիում: Սա փաստում է սրբապատկերների նկատմամբ դարեր շարունակ հայ իրականության մեջ գոյություն ունեցող հատուկ վերաբերմունքը:

«Յոթ վերքը» պատկերաքանդակի պատկերագրության մեջ ուշադրություն է գրավում Աստվածամոր թիկունքի կողմում քարքարոտ լեռնալանջի վրա բարձրացող մեկական փարթամ արմավենին: Այս դրվագը նորություն է «Յոթ վերքի» պատկերագրության մեջ: Լեռը կապվում է Քրիստոսի խաչելության վայրի՝ Գողգոթայի հետ: Իսկ արմավենին քրիստոնեական արվեստում խորհրդանշում է դրախտը, հաճախ նաև՝ կենաց ծառը, ինչպես նաև՝ Պաղեստինն ու Երուսաղեմը:

Оставьте комментарий