Շատերը չգիտեն Երևանում գտնվող հնագույն Վարդավառի լճի մասին: Մինչդեռ լիճը մեր մայրաքաղաքի գեղատեսիլ վայրերից մեկն է, ունի հնագույն պատմություն, որ առնչվում է արքաներին: Վարդավառի լիճը նախկինում ունեցել է Արգիշտի ծով, Թոխմախ գյոլ, Կոմերիտմիության լիճ անվանումը: Այն արհեստական լճակ է, որ գոյություն ունի Արգիշտի Ա-ի ժամանակներից:
Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար: Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։
16-րդ դարում, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր, Երևանի «Թոքմաք» կոչված Մամմադ խանը վերանորոգել և վերագործարկել է լիճը։ Սակայն կա հիշատակություն, որ Երևանի վերջին՝ Հուսեյն խանի օրոք այդ լիճը չի գործել։
Լիճը վերջին անգամ վերանորոգվել է սովետական իշխանությունների օրոք՝ 1975-1985 թթ։ Լճի հատակն ու եզրերը ամբողջությամբ բետոնապատվել են։ Ընդարձակվել է լճակը սնուցող Մամռի ջրանցքը, որը անվանափոխվել է Ստեփան Շահումյանի անունով։ Լճի շրջակայքը վերածվել է այգու։ Այդ ժամանակվանից ի վեր լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով և ջրանցքներով (Մամռի, Աբուհայաթի և այլն)։
2011 թ. հուլիսին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք այգին վերանորոգվել և և կոչվել Լիոնի այգի՝ ի պատիվ Երևան և Լիոն քաղաքների բարեկամության։ Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2010 թվականից: Լիոնի այգու հիմնումն իրականացվել է Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև կնքած 2008–2011 թթ համագործակցության ծրագրի շրջանակում:
Լճում հողմասահքի սիրահարները զբաղվում են այդ մարզաձևով: